Այս էջը հաստատված է

հրամաններու պես անմիջապես կգործադրեին և այրիներն իրենց տաժանելի և անել կացությանը մեջ, անոր խորհուրդներուն կհետևեին:

Երբ Հաճի Սառա եկավ նստեցավ մեր մոտ, ծանրությամբ բարևեց, բարի գալուստ մաղթեց, և հետո, իմանալով մեր այցելության նպատակը, պատմեց դեպքն իր մանրամասնություններով և մեծ ճշտությամբ.

-Ապրիլ 2-ին գիշերը դեռ ոչ մեկ բանե տեղեկություն ունեինք: Գիշերը գյուղերը լուր ղրկեր և րետիֆները հավաքեր էին: Այս բանը լսելնուս՝ քիչ մը շփոթվեցանք. իսլամ գյուղերե եկողներ կպատմեին, թե մեծ գրգռություն կա մեջերնին և սպառնալիքներով լեցուն են: Հետևյալ առավոտուն կանուխ. Օսմանիեի հայերեն քանի մը հոգի ժողովուրդին կողմե գայմագամին գացին և հարցուցին, որ եթե վտանգ մը կա՝ ի՞նչ կրնան ընել ինքզինքնին պաշտպանելու համար. «Հոգ մի՛ ընեք,- պատասխաներ էր անիկա, ձեզի համար բան չկա»: Մեր մարդիկ դեռ չէին տուն դարձեր՝ երբ դուշմանը հարձակվեցավ մեր տուներուն վրա: Չորս ժամվան մեջ ամբողջ քաղաքը փչացուցին. 600 հոգի մեռան սուրե կամ հրդեհե: 250 հոգի ապաստանած էին եկեղեցին, անոնք ալ ամբողջովին այրեցան: Կառավարության դիմողները սվինե անցան, թուրք տան մը մեջ հայ կիներու աչքին աոաջ 22 հոգի կացինով և դանակով մեռցուցին: Փախստականները հրացանով կզարնեին ու անոնց կիները կտանեին կառավարության հանձնելու: Տասներկու օր շարունակ, դեպքին միջոցին պահվտած ու հետզհետե երևան ելլող մարդիկ սպաննեցին, ահավասիկ…»:

Հաճի Սառա լռեց, իր շրթներն ավելի սեղմվեցան, կծկվեցան. աչքերը պիշ կնայեին հեռուն, անորոշ կետի մը. ու ատենը մեյ մը ուսերն անըմբռնելի ցնցում մը կունենային:

Դարձյալ մեզի դարձավ ու խստությամբ ավելցուց.

-«Քանի մը խեղճ մարդիկ, ասդին-անդին ծածկվելով և օրերով խոտ և հող ուտելով, ազատեր էին: Երբ տասնհինգ, քսան օր ետքը, երևան եկան, կառավարությունն իրար անցավ, շփոթվեցավ, թե ինչպե՞ս կըլլա, ո՞ւր ծածկվեր էին, ինչո՞վ դիմադրեր էին…: Ո՜ւ ձերբակալվեցան»: